Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոշտացրել է Հունաստանի դեմ իր հռետորաբանությունը՝ սպառնալով, որ նա կարող է «մի գիշեր հանկարծ փլուզվել», հայտնում է AP-ն։
Էրդողանն արդեն օգտագործել է այս արտահայտությունը՝ ակնարկելով քրդերի դեմ Սիրիայում եւ Իրաքում սպասվող ռազմական գործողությունները, որոնց Թուրքիան իր գոյությանը սպառնալիք է համարում։
Ելույթ ունենալով Սամսունում կայացած ավիացիոն տեխնոլոգիաների փառատոնում, որտեղ Թուրքիան ցուցադրել է անօդաչու կործանիչի նախատիպը, Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Հունաստանի հասցեին՝ քաղաքական եւ ռազմական լարվածության ֆոնին:
Թուրքիան պնդում է, որ Հունաստանը խախտում է միջազգային պայմանագրերը՝ ռազմականացնելով Էգեյան ծովում գտնվող կղզիները։
Ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել էր օգոստոսին թուրքական օդանավերը հայտնաբերելու համար Կրետե կղզում ռուսական արտադրության С-300 հրթիռային համակարգեր օգտագործելու մեջ։ Անկարան նաեւ ասել էր, որ հունական F-16-ները հետապնդել են թուրքական ինքնաթիռները՝ դրանք դնելով ռադարների հսկողության տակ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ: Թուրքիան բողոքներ է ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Աթենքն իր հերթին նույնպես մեղադրել է Թուրքիային իր օդային տարածքը խախտելու մեջ՝ Անկարայի պնդումները համարելով առասպել։