Գերմանիան ցասման մեջ է. հարեւանները հրաժարվում են գազի բաժանման գործարքներից

Գերմանիայի հույսերն այն առնչությամբ, թե կկարողանա ավելի շատ համաձայնագրեր կնքել Եվրամիության գործընկերների հետ գազի վերաբերյալ, մարում են, ինչը կարող է էներգետիկ ճգնաժամը մեղմելու Բեռլինի ունակության լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ։

Գերմանիայի հարեւանները՝ Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Լեհաստանը, հրաժարվում են մասնակցել «կառուցողական բանակցություններին» այդպիսի երկկողմ գործարքներում, նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը օրենսդիրներին ներկայացրած հաշվետվությունում, որին ծանոթացել է Bloomberg-ը։

Դա կարող է խորացնել գազի ճգնաժամը Գերմանիայում, «որովհետեւ ԵՄ կայունության շինարարական բլոկը երկկողմ համաձայնագրերի ձեւով անհասանելի կլինի»,- ասել է Հաբեկը փաստաթղթում, որը նա ներկայացրել է Բունդեսթագի էներգետիկայի եւ կլիմայի կոմիտեին։

Այդ գործարքները ԵՄ-ի անդամ պետությունների միջեւ ԵՄ-ի ավելի մեծ մեխանիզմի մասերն են, որտեղ ներկայացված են այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել գազային արտակարգ իրավիճակի դեպքում։ Դրանք երաշխավորում են, որ մեկ երկիր մյուսին կմատակարարի գազ, եթե գազն այդ պետությունում վերջանա կամ բավականաչափ գազ չլինի  տնային տնտեսությունների եւ սոցիալական ծառայությունների մատակարարման համար, որոնք օգտվում են հատուկ պաշտպանությունից՝ ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխան։

Գերմանիան բանակցություններ է վարում Իտալիայի եւ Չեխիայի Հանրապետության հետ, բայց բանակցությունները Հռոմի հետ հետաձգվել են մինչեւ ընտրություններ՝ այս ամսվա վերջ։

Իտալիայի հետ համաձայնագիրը  լինելու է եռակողմ՝ նաեւ Շվեյցարիայի հետ, քանի որ գազը պետք է տարանցի այդ երկրով դեպի Գերմանիա։

Հաշվետվությունում Հաբեկը նաեւ հիշատակել է վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան խոստացել է ավարտել խողովակաշարերի աշխատանքը, որոնք նրան թույլ կտան անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Գերմանիա։ Փոխարենը Գերմանիան պարտավորվել է Ֆրանսիային էլեկտրաէներգիա մատակարարել։

Հաբեկի խոսքով՝ հիմնական պատճառը, թե ինչու են Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Լեհաստանը հրաժարվել Բեռլինի հետ երկկողմ համաձայնագրերից, այն է, որ նրանք չեն ցանկանում փոխահատուցում վճարել իրենց մատակարարներին այն դեպքում, եթե գազը Գերմանիա չուղղվի։

Չեխաիայի Հանրապետությունը պատրաստ կլիներ ստորագրել նման համաձայնագիր, միայն թե այն դեպքում, եթե սահմանվի պետական փոխհատուցման շեմ մատակարարներին։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ «ներկայում չի կարելի առաջընթաց սպասել համերաշխության երկկողմ համաձայնագրերի մասին բանակցություններից»,- նշել է Հաբեկը փաստաթղթում։

Spread the love