2022թ. առաջին ութ ամիսներին Թուրքիայի բանտերում մահացել է մոտ 50 բանտարկյալ. իրավապաշտպան կազմակերպություն

2022թ. առաջին ութ ամիսներին Թուրքիայում վանդակաճաղերի հետեւում մահացել է մոտ 50 հիվանդ բանտարկյալ, ուրբաթ հայտարարել է «Փաստաբաններ հանուն ազատության» կազմակերպությունը (ÖHD), տեղեկացրել է Ahval-ը։

Ցուցարարների խումբը հավաքվել էր հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի դատարանի շենքի առջեւ եւ դատապարտում էր «կյանքի իրավունքի խախտումները» եւ անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, ինչպես նաեւ կտտանքները երկրի բանտերում։

«Փաստը, որ միայն 2022թ. մահացել է 50 հիվանդ բանտարկյալ, կոնկրետ նշան է այն բանի, որ վճիռները (բուժման կամ ազատ արձակման մասին) կայացվում են չափազանց ուշ կամ առհասարակ չեն կայացվում»,- լրագրողներին ասել է կազմակերպության մասնաճյուղի տնօրեն Ադիլ Սալմանը։

Իրավապաշտպան խմբի տվյալներով՝ միայն անցած շաբաթ ճաղերի հետեւում մահացել է երեք բանտարկյալ, ես մեկը, որը մահացել է նույն օրերին, ազատ էր արձակվել ութ ամիս առաջ։

ÖHD-ը կոչ է արել ազատ արձակել 83-ամյա քուրդ Էմին Օզքանին, որը բանտում է 26 տարի ահաբեկչության մեղադրանքով, որը, նրա փաստաբանների կարծիքով, սխալ է։

Օզքանի գործով թարմացված նյութերը ցույց են տալիս, որ նա կապ չունի այդ մահերի հետ, բայց տարեց մարդու ազատ արձակման խնդրանքները հավանության չեն արժանացել։

Սալմանը նաեւ կոչ է արել ազատ արձակել քրդական քաղաքականության վետերան Այսել Թուղլուքին, որին անցած տարի, բանտում ահաբեկչության մեղադրանքով 10 տարի գտնվելուց հետո, տկարամտություն են ախտորոշել։ Կինը մեղադրանքը մերժում է։ Թուղլուքը ազատ չի արձակվել՝ չնայած բժշկական եզրակացություններում նշվել է, որ նա չի կարող մնալ բանտում, եւ նրա համար դժվար է կապակցված մտքեր եւ նախադասություններ արտահայտել, ինչը երեւում էր ընթացիկ դատավարությունում նրա պաշտպանության ժամանակ։

Spread the love