Կրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ

Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովելու իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ին կազմակերպած քննարկման ժամանակ: Առանցքում «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծն է եղել:

Ծրագիրն անցել է մշտական ընդգրկուն, մասնակցային գործընթաց՝ ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին:

Ծրագիրն իրականացվել է երեք ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր, ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում՝ ուղղված բոլոր մակարդակներում՝ ուսումնական հաստատություններից մինչեւ պետական մարմիններ կառավարման արդյունավետության ապահովման եւ ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործման: Հաջորդը՝ կրթական ծառայությունների եւ արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ համալիր միջոցառումների արդյունքում 2030 թ. շուրջ 7600 օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կկրկնապատկվի: Մասնագիտական եւ բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհից դուրս մնալու դեպքերը:

Շարունակական կրթության ապահովման տեսանկյունից առանցքային է ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության կրեդիտների հաշվառման եւ փոխանցման մեխանիզմների ներդրումը հանրակրթության, մասնագիտական կրթության եւ բարձրագույն կրթության շարունակական եւ լրացուցիչ կրթության համակարգում: Նախարարը խոսել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծման մասին: Նշվել է, որ արվեստի, գեղարվեստի, երաժշտական եւ սպորտային դպրոցները, մանկապարտեզները, կենտրոնները կունենան գործունեության միասնական չափորոշիչներ:

Կարեւորվել է մեծահասակների կրթության հնարավորությունների շարունակական զարգացումը: Կընդլայնվեն հայեցի կրթություն ստանալու, աշխարհասփյուռ հայության հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ խորհրդարանի կողմից ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաեւ ծրագրի իրականացման գործողությունների պլանը՝ սահմանելով հստակ ժամկետային թիրախներ եւ ծախսային գնահատականներ: Ընդգծվել է, որ գործողությունների ծրագրի մշակումը եւս կիրականացվի հնարավորինս մասնակցային, գործընթացում կընդգրվեն շահագրգիռ բոլոր կողմերը:

«Կրթության շահառուները բոլորս ենք՝ անհատից մինչեւ պետություն, հետեւաբար նաեւ պատասխանատուն ենք: Ուստի, միայն համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երեխաների եւ երիտասարդների 21-րդ դարին վայել կրթությունը: Կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության եւ հասարակության զարգացման, մեր վաղվա oրվա եւ ապագայի համար»,- եզրափակելով խոսքը՝ ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում, ինչպես նաեւ ելույթների ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին ու վարկանիշավորման գործընթացին, բուհերից բացի դպրոցներում եւս հետազոտական աշխատանքների իրականացման կարեւորությանը, հետազոտահեն կրթության անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության մատչելիությանն ու հասանելիությանը:

Նախարարը, փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Կարեն Թռչունյանն անդրադարձել են հնչած մտահոգություններին:

Կարեւորվել է ավագ դպրոցում եւ բուհում աշխատաշուկա մտնող երիտասարդների համար աշխատանքային իրավունքներին ու հարաբերությունների առանձնահատկություններին վերաբերող դասընթացների կազմակերպումը: Անդրադարձ է եղել բուհերի լիցենզավորման պահանջների վերանայման նպատակահարմարությանը:

Նախարարը փաստել է, որ բուհերը պետք է մրցակցեն միջազգային ասպարեզում ընդունված չափանիշներով: Միջազգային չափորոշիչներին համապատասխանելու առումով Վահրամ Դումանյանը կարծիք է հայտնել, որ պետք է բուհի շենքը կառուցելու չափանիշներն էլ փոխվեն: Խոսելով բուհերի հավատարմագրման եւ լիցենզիայի համար անհրաժեշտ պայմանների մասին՝ նա նշել է, որ այս գործընթացում հաջորդական քայլեր պետք է իրականացվեն՝ միտված ոլորտը քայլ առ քայլ բարելավելուն:

Հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի նպատակները, եւ ամբողջ ռազմավարության հենքը որակյալ կրթական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն է:

Անդրադարձ է եղել բուհերի խոշորացման նպատակահարմարությանը, գործընթացի թափանցիկությանը: Կարծիք է հնչել, որ խնդիրը պետք է լինի համակարգի առողջացումը, իսկ բուհերի խոշորացմամբ հարցը չի լուծվելու, ուստի որոշակի ժամանակ է պետք՝ իրավիճակը գնահատելու եւ լուծումներ գտնելու համար:

Քննարկման մասնակիցները համակարծիք են, որ կրթության ոլորտում առկա են խնդիրներ, որոնք համատեղ ջանքերով պետք է լուծվեն. ամփոփելով քննարկումը՝ նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Քննարկումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկմանը մասնակցել են Կառավարության, հասարակական կազմակերպությունների, բուհերի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ:

Spread the love