««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին:
Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել. օրինագիծը մնացել է անփոփոխ:Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կնախատեսվի վարչական պատասխանատվություն:Դավիթ Գրիգորյանը պարզաբանել է, որ կան դեպքեր, երբ 500 շենք սպասարկող համատիրությունը բոլոր շենքերի համար մեկ բանկային հաշիվ է բացել: Նրա խոսքով՝ դա անընդունելի է: Նախագծով յուրաքանչյուր շենքի համար պետք է բացվի առանձին հաշիվ: Առանձին հաշիվ չբացելու դեպքում առաջին անգամ տուգանք կնշանակվի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ մեկ ամսվա ընթացքում նույն արարքի կրկնվելու դեպքում՝ կկրկնապատկվի:
Շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը ՀՀ շրջակա միջավայրի վրա կանխելու նպատակով աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում: Պատասխանատվության միջոց կսահմանվի աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու դեպքում: Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը վերապահվում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Պատասխանատվության միջոցների կիրառմանը վերաբերող դրույթն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի մեկից:
Չսահմանված եւ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվության միջոցը կիրառելու իրավասությունը կվերապահվի նաեւ ՀՀ ոստիկանությանը:
Այս կարգավորումները գործադիրն առաջարկում է ««Թափոնների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է: