Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ

Ներկայում գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ: Անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության  հեղինակած ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:Առաջարկվում է ներդնել ատեստավորման եւ տարակարգերի մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան փոխել ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաեւ սահմանել հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: Կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների եւ դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաեւ մանկավարժների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով կարգավորումներ կտրվեն մի շարք լիազորող նորմերի, որոնք թույլ են տալու ենթաօրենսդրական մակարդակում հստակեցնել քաղաքականությունը ոլորտի մի քանի մեխանիզմների ուղղությամբ՝ կառավարման, ֆինանսավորման, բովանդակային հարցերի կարգավորման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների իրավակազմակերպական ձեւերի եւ վարվող կրթաթոշակների քաղաքականության իմաստով: Առաջարկվող փոփոխությամբ ոլորտում փորձ է արվելու ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմը: Փոփոխություններ կիրականացվեն նաեւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքին վերաբերող հավաստագրման մեխանիզմում:Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին:

Հանձնաժողովը որոշում է կայացրել  նոյեմբերի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ հոկտեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն ստացած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Spread the love