Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն:

Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր ստեղծման 45-ամյակը: Այս առիթով թույլ տվեք շնորհավորել ձեզ բոլորիդ: Կենտրոնն իր գործունեության ամբողջ ընթացքում եղել է կարեւոր եւ օգտակար գիտական գործիք տեղեկատվության փոխանակման մասով՝ ստեղծելով նոր եւ ուրույն հարթակ խորհրդարանների փորձագետների համար: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 10-ին եւ 11-ին Երեւանում տեղի ունեցած խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան ժողովի ժամանակ:

Ողջունելով 2022 թ. ECPRD թղթակիցների տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ վերջին տարիները լի էին աշխարհի համար տարատեսակ արհավիրքներով՝ COVID-19 համավարակ, համավարակին զուգահեռ մեր տարածաշրջանի համար նաեւ 2020 թ. աղետալի 44-օրյա պատերազմ՝ սանձազերծած Ադրբեջանի կողմից եւ ուղղված Արցախի ու Հայաստանի, հայ ժողովրդի դեմ, որը ապակայունացրեց նաեւ ամբողջ տարածաշրջանը, այնուհետեւ՝ պատերազմն Ուկրաինայում: Նրա խոսքով արհավիրքներին դիմակայելու ընթացքում բոլոր երկրների խորհրդարանները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Ազգային ժողովի աշխատակազմը, աշխատել են արտակարգ պայմաններում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ցանկացած խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովվում է այդ խորհրդարանի աշխատակազմի կողմից, նաեւ վերջինիս գիտական ներուժի կողմից, եւ հենց բեկումնային, ֆորս-մաժորային իրավիճակներում է զգացվում այդ գիտական ներուժի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Ձեզնից յուրաքանչյուրը, լինելով ձեր խորհրդարանների հետազոտական, փորձագիտական կենտրոնների ղեկավարները եւ աշխատակիցները, խորհրդարանի գիտական ներուժի հիմքն ու հենասյունն են՝ առանց որոնց խորհրդարանի գործունեությունը պատկերացնելն իրավամբ անհնար է»,- ասել է Վահան Նարիբեկյանը:

Հանդիպման առաջին օրը ներկայացվել է խորհրդարանական վերահսկողության ոլորտում ՀՀ փորձը: Բանախոսել են հրավիրված հայ փորձագետ-իրավաբանները, աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները: Նշվել է, որ 2015 թ. սահմանադրական փոփոխություններից  հետո խորհրդարանն օժտվել է նոր վերահսկողական լիազորություններով, օրենքների հետօրենսդրական մշտադիտարկման գործառույթներով: ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների ընթացքում կիրառվող գործիքները, աշխատանքի ընթացքը եւ մշտական հանձնաժողովներին աջակցելու իրենց փորձը:

Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:

Հանդիպման երկրորդ օրը քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր, կարեւորվել այդ հարթակի միջոցով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը:Միջոցառումն անցկացվել է Ազգային ժողովի հովանու ներքո՝ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Spread the love