Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր՝ նոյեմբերի 11–ին, քվորում չապահովվելու պատճառով չի կայացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգ-համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանը։
Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընտրություններում քիչ մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։
«Ըստ ընթացակարգի՝ մեկ ժամ սպասել ենք, բայց մյուս երկու ուժերն այդպես էլ չներկայացան նիստին։ Արրձանագրվեց, որ նիստն իրավազոր չէ եւ այն հետաձգվեց նոյեմբերի 14–ին, ժամը 11։00–ին։ Օրենքով սահմանված կարգով բոլոր ուժերին իրազեկվել էր նիստին մասին։ «Ազգ-համայնք» դաշինքը ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն հաշվի առնելով իր պարտավորությունը կատարեց ու մասնակցեց նիստին, մյուս ուժերի մասով չեմ կարող մեկնաբանել»,– նշեց Արտակ Գեւորգյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ընտրություններում քիչ մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանն ասել էր, որ խմբակցության երեք անդամները չեն մասնակցելու նիստին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանն էլ ասել էր, թե դեռ որոշում չունեն նիստին մասնակցելու վերաբերյալ։
Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» էլ՝ 3 մանդատ։
Քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել, բայց կոալիցիայով էլ նրանց չի հաջողվում տեղական իշխանություն ձեւավորել։
«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։
«Ազգ-համայնք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իրար հետ կոալիցիա չեն կազմել։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։