Դատախազը պահանջել է, որ դատարանն արգելի Ստամբուլի քաղաքապետին զբաղվել քաղաքական գործունեությամբ

Թուրք դատախազը պահանջել է, որ դատարանն արգելի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ պետական պաշտոնյաներին «վիրավորելու» պատճառով։ Դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ դեկտեմբեր, տեղեկացրել է Reuters-ը։

Իմամօղլուն դատարանի առջեւ է կանգնել այն ելույթի համար, որն ունեցել է 2019թ. նույն թվականին չեղարկված քաղաքապետի ընտրությունների մասին, որում նա «հիմարներ» է անվանել կրկնակի ընտրությունների մասին որոշումն ընդունողներին։

Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ Իմամօղլուն կդառնա Էրդողանի ուժեղ մրցակիցը, եթե եկող տարի առաջադրվի համազգային ընտրություններում։

Դատարանը գործի քննությունը հետաձգել է՝ դատավորի բացարկի մասին պաշտպանի միջնորդությունը քննելու համար։ Հաջորդ լսումները նշանակվել են դեկտեմբերի 14-ին։

Հանցագործությունը, որի համար մեղադրվում է Իմամօղլուն, նախատեսում է առավելագույն պատիժ՝ մինչեւ չորս տարի ազատազրկում։ 

Spread the love