Կներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք

Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել այդ բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Կառավարության հեղինակած «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի՝ տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները պետք է ստեղծեն, տրամադրեն եւ տարածեն համապատասխան մետատվյալներ, ինչպես նաեւ դրանք պահպանեն եւ թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին համապատասխան:

Նախագծով կարգավորվելու են տարածական տվյալներ ներկայացնող պահանջները, որոնք ապահովելու դեպքում դրանք ներառվելու են ազգային գեոպորտալում: Նշվել է, որ կներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Spread the love