Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ:
ԱԺ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում մեր երկրում ապրող եւ աշխատող բազմաթիվ օտարերկրացիներ բացում են մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, եւ մասնաճյուղ բացելիս վերջիններս խնդրի առջեւ են կանգնում: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը: Գեւորգ Պապոյանի պնդմամբ խտրական եւ տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմքից զուրկ է: Նա հավելել է, որ առաջարկվող կարգավորմամբ լուծվում է աշխատողի իրավունքների պաշտպանության հարցը, այն ուղղված է նաեւ առկա տնտեսական մարտահրավերներին ավելի լավ արձագանքելուն, ներդրումների խթանմանը ու տնտեսական բարելավմանը:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով խտրական մոտեցում չի ցուցաբերվում, քանի որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում օտարերկրյա կազմակերպությունների թե՛ մասնաճյուղերը, թե՛ ներկայացուցչությունները գրանցվում են որպես առանձնացված ստորաբաժանումներ, եւ կիրառվում է միասնական մոտեցում: «Դեմ չենք առաջարկին, որը թույլ է տալիս առավել մանրամասն պարզաբանել օրենքի եւ օրենսդիրի նպատակը»,-ասել է նա:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ այս տարվա սկզբից աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է 119 անձ՝ 27 ընկերությունից:
Առաջարկվող կարգավորումը պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է «Օտարերկրացիների մասին» օրենքում. այն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի նիստում: