2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից կբարձրանա՝ կազմելով ավելի քան 50.000 դրամ: Հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից կդառնա 75.000 դրամ: Այս մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Կարեւորելով մարդկային կապիտալի եւ տնտեսական զարգացմանն ուղղվող ֆինանսական միջոցների ավելացումը՝ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ եկող տարի Սյունիքի մարզում կմեկնարկեն Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Այս տարի կավարտվեն շուրջ 100 դպրոցի եւ մանկապարտեզի շինարարական աշխատանքները, իսկ 2023 թ.՝ եւս շուրջ 100-ինը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցին: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները: «Ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետեւանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա նոր կկարողանանք առաջ շարժվել: Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, եւ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, եւ ըստ այդմ՝ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են. 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր: Հասցեագրելով խնդիրները, փորձելով հնարավորինս ճկուն լինել բանակցային գործընթացում՝ պետք է առաջ շարժվել, բնականաբար ակնկալելով մեր միջազգային գործընկերների աջակցությունը՝ նվազեցնելու սահմաններին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը: Հետագա զարգացումների մասին թե՛ ԱԳ նախարարությունը, թե՛ Անվտանգության խորհուրդը, թե՛ վարչապետը հնարավորինս դետալային փորձում են ներկայացնել»,-նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Խոսելով մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետեւ այն մեծապես կախված է Ադրբեջանից: «ՀՀ-ն տրամադրված է մինչեւ տարեվերջ ստորագրել, իսկ հնարավորությունները մեծացնելու համար մեր դիվանագիտական կորպուսն անում է ամեն ինչ»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին հայ-ադրբեջանական բանակցություններում աջակցության եւ հարթակ ստեղծելու առաջարկների համար: Պատգամավորը հավելել է, որ ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձեւաչափով, ինչ ժամկետներում եւ բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը: