ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության պաշտոնական էջը տեղեկացնում է՝որ ուսումնական կենտրոնի բացմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:«Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:
Միջոցառման մասնակիցները շրջել են վերակառուցված ուսումնական մասնաշենքերով, ծանոթացել կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել նոր մարտավարական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունքին:
Կազմեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ