Ընթացիկ տարվա պետական բյուջեում վերաբաշխումներ են նախատեսվում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյալ վերաբաշխումներ, որոնք պարունակում են որոշակի ռիսկ՝ հնարավոր է անցնել սահմանված 3 տոկոս սահմանաչափը: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է սահմանված 3 տոկոս սահմանաչափը միայն այս տարվա համար սահմանել 5 տոկոս:

««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը վերսկսվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 16-ի նիստում:

Հարցի կապակցությամբ ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Պատգամավորի խոսքով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է օբյեկտիվ իրողություններով եւ դրական ազդակների հետեւանք է: Խնդիրն առաջացել է նաեւ այն պատճառով, որ այս տարվա սեպտեմբերին բարձրացվել են թոշակները: «Եթե չբարձրացվեին կենսաթոշակները, գուցե այս փոփոխության կարիքը չլիներ: Բայց տարին լավ էր, տնտեսական աճի տեմպը բարձր էր, եւ մեզ դա հնարավորություն տվեց սեպտեմբերին թոշակները բարձրացնել, եւ բնականաբար, բյուջետային տողերում էական շեղումներ  առաջացան»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ նշելով, որ մյուս ոլորտներում եւս եղել են այլ հանգամանքներ, որոնց հետ կապված ներքին վերաբաշխումներ են իրականացվել:

Spread the love