Օրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց մի շարք ոլորտներին վերաբերվող օրենսդրական փոփոխություններ և լրացումների առաջարկություններ:Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին դեկտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից ստացել է բազմաթիվ առաջարկներ, որոնք համատեղ կարգով քննարկվել եւ ընդունվել են: Քննարկվող նախագծերի փաթեթում ընդգրկվել են նաեւ այդ առաջարկությունները՝ նոր խմբագրությամբ:

2021 թ. ապրիլի 14-ին ընդունված օրենսդրական փաթեթով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձեւավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: 2022 թ. փետրվարին ընդունված օրենքների նախագծերի փաթեթի արդյունքում, հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննություն ապահովելու նպատակով, ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը:

Առաջարկվող օրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով: Ըստ Արմենուհի Հարությունյանի՝ փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված կարգավորումների կապակցությամբ անցումային դրույթներով դրանց ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թ. հունվարի 1-ը, ինչը պայմանավորված է դատարանի ձեւավորմանն ուղղված աշխատանքները պատշաճ ապահովելու հրամայականով:

Համառոտ անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ հիմնական զեկուցողը կարեւորել է, որ դատարանների նախագահներին կվերապահվեն նոր լիազորություններ, ըստ որոնց՝ հնարավորություն կստեղծվի ԲԴԽ սահմանված կարգով մշտադիտարկում իրականացնել  դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ:

Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է նաեւ առանձնացնել Երեւան քաղաքում ընդհանուր իրավասության՝ քաղաքացիական եւ քրեական դատարանները:

Որոշակի փոփոխություններ են առաջարկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառման կարգի վերաբերյալ եւս. նախատեսվում է ապահովել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորություն:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, համառոտ ներկայացնելով օրենսդրական փաթեթը, նշել է, որ առաջարկները բավականին ծավալուն են եղել. համատեղ քննարկումների արդյունքում դրական լուծումներ են առաջարկվել:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արփինե Դավոյանին ծավալուն եւ ծանրաբեռնված աշխատանքի համար՝ դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էականորեն թեթեւացնելու ուղղությամբ ներկայացված արժեքավոր առաջարկությունների համար:

Spread the love