Ճանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե ինչ պայմաններով, որոշ երկրների տեսակետներ տարբերվում են. քաղաքագետ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարեւոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։    

«Խնդիրը դրված էր զուտ մարդասիրական տեսանկյունից. 100 հազարից ավելի մարդ շրջափակման մեջ է, նրանց իրավունքները խախտված են։ Այս առումով քննարկմանը մասնակից երկրները արձագանքեցին հումանիտար ճգնաժամին, այլ արձագանք ՄԱԿ–ի ամբիոնում չէր կարող լինել։ Ադրբեջանի տեսակետը քաղաքական էր, հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, որ դա իրենց տարածքն է, ինչ ուզեն՝ կանեն, հանքի շահագործման մասին էին խոսում, բայց քննարկման իմաստը քաղաքական իրավիճակը չէր, այլ հումանիտարն էր։ Բայց հումանիտար խնդիրներից բացի կան նաեւ քաղաքական խնդիրներ։ Այն երկրները, որոնք մեր տարածաշրջանում շահեր ունեն, բնականաբար, դրա մասին չարտահայտվեցին, բայց ասել, որ նրանց դիրքորոշումը նույնն է՝ ճիշտ չէ»,– ասաց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ Ադրբեջանի խնդիրն այդ ճանապարհի վրա վերահսկողություն ունենալն է, եւ Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթում հենց այդ շեշտադրումներն էր անում։

«Ասվում էր, որ զենքերի փոխադրում է եղել, 2020 թվականից հետո հայկական արտադրության ականներ են փոխադրել եւ այլն։ Սա քննարկման առարկա է դառնում եւ այդ առումով Ադրբեջանն ինչ–որ խնդիր կփորձի լուծել»,– ասաց քաղաքագետն ու հավելեց, որ պետք է փորձել այնպես անել, որ ճանապարհը բացվի առանց նախապայմանների։

«Որովհետեւ կան երկրներ, որոնց համար այդ նախապայմաններն ընդունելի չեն՝ իրենց ազգային շահերից ելնելով եւ պետք է համապատասխան քաղաքականություն վարել»,– շեշտեց Ստեփան Դանիելյանը։

Հարցին, թե ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդում այս հարցի քննարկումից հետո Հայաստանի հաջորդ անելիքը ո՞րը պետք է լինի, Դանիելյանն ասաց.

«Նախ Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքականություն վարի, իսկ մենք տեսնում ենք, թե այս իշխանությունը ինչ որակ ունի, բոլոր հարցերում, այդ թվում՝ կենսական, արտաքին քաղաքական, իրենք անհասկանալի, սիտուատիվ պահվածք ունեն, մենք չգիտենք, թե իրենք ինչ փակ պայմանավորվածություններ են ունենում տարբեր երկրների հետ, որոնք կարող են ունենալ աշխարհաքաղաքական փոփոխության նշանակություն։ Իսկ եթե դա կարող է աշխարհաքաղաքական փոփոխություն բերել, ապա այն կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Դրա համար էլ գործող Կառավարության քաղաքականության հանդեպ շատ մեծ կասկածներ ունեմ, առհասարակ նրանք ի վիճակի՞ են քաղաքականություն վարել եւ այդ քաղաքականությունն ինչ վեկտորներ ունի եւ ինչ հետեւանքներ կարող է բերել»։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքները տարբեր են, որովհետեւ ամեն երկիր իր շահն է հետապնդում. այս հարցում շատերի դիրքորոշումներն իրար հետ չեն համընկնում։

«Կան ազդեցիկ երկրներ, որոնք իրենց շահերից ելնելով տարածաշրջանում ապագայի տեսլականներ ունեն, նրանց արձագանքը լինելու է համապատասխան։ Եթե կան Մեծ Բրիտանիան, Թուրքիան, որոնց նպատակն է գործել Իրանի ու Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով Արցախի խնդիրը, ապա դա մի հարց է, եթե կան Իրանը, Ռուսաստանը, որոնք իրենց ազդեցությունն են փորձում պահել տարածաշրջանում՝ իրենց ազգային շահերից ելնելով, դա մեկ այլ հարց է։ Ֆրանսիան եւ եվրոպական որոշ այլ երկրներ էլ, որոնք ուզում են ապագայում Իրանով գազամուղ կառուցել, որովհետեւ Ռուսաստանը դուրս է մղված այդ շուկայից, երրորդ խմբի երկրներն են, որոնց շահերը չեն համապատասխանում ո՛չ առաջին, ո՛ էլ երկրորդ խմբի երկրների հետ։ Սա է ամբողջ խնդիրը, սա քաղաքականություն է, իսկ հումանիտար խնդիրներն այլ հարցեր են, ճանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե այն ինչ պայմաններով կբացվի եւ այդ երկրների տեսակետներն այդտեղ տարբերվում են»։

Անդրադառնալով Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է, քաղաքագետն ասաց. «Դա ցույց տալիս է, որ շատ ցածր կարգի քաղաքական մտածողություն իրենք ունեն, որովհետեւ այդ ամեն ինչը կարգավորվում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությամբ, որի տակ նաեւ Հայաստանի ստորագրությունը կա եւ խոսել, որ Հայաստանը որեւէ դերակատարություն չունի, չգիտեմ էլ ինչպես գնահատեմ»։

Spread the love