Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։
Նշենք, որ Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, Կարմիր խաչի միջնորդությամբ, այսօր տեղափոխվել է Հայաստան։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում հարյուրավոր երեխաներ, բաժանված են իրենց ընտանիքներից։ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։