Կառավարության որոշմամբ կսահմանվեն ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները. հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել ՀՀ կառավարության որոշման մեջ:  Այս մասին նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում` ներկայացնելով ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխոստիկանապետի խոսքով անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առնչվող առանձնահատկությունները` ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները:

ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎ-ների կառուցման եւ հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները:

Հարակից զեկույցով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախագծի կարեւորությանը, հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ նախագծին:Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Spread the love