ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացուցիչ երաշխիքներ սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար: Այս մասին ասել է նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի հերթական նիստի ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ առաջարկվում է երաշխիքներում ներառել հիպոտեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, որոշակի ծախսերի փոխհատուցումը եւ այլ արտոնություններ:
Գեղամ Նազարյանը նշել է, որ նախագիծը մեկ հիմնական նպատակ ունի. փորձել օգնել, որ մեր հանրությունը լինի առողջ: «Սա առաջին հերթին մեր հանրության առողջացմանն ուղղված քայլ է, ապա նոր նահատակված տղաների ընտանիքների անդամներին աջակցելու գործողություն»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանը մանրամասն նշել է օրենքի նախագծի մեջ եղած թերությունները: Նրա կարծիքով նախագծի գաղափարը լավն է, սակայն` թերի. լրացուցիչ աշխատանքի կարիք ունի: «Ես կարծում եմ, որ նմանատիպ նախագիծ Հայաստանի Հանրապետությունը որպես օրենք պետք է ունենա, բայց նյութի տակ չկան փաստարկներ, հիմնավորումներ»,- ասել է պագամավորը: Հարակից զեկուցողը կոչ է արել գործընկերներին դեմ քվեարկել նախագծին:
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ գաղափարը լավն է, սակայն զուրկ է հաշվարկներից եւ հիմնավորումներից:
Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում անդրադառնալով նախագծին եւս ողջունել են գաղափարը, սակայն այն համարել ոչ լիարժեք: Նշվել է, որ նախագծի հիմնավորումներում բացակայում են հաշվարկները, վիճակագրական տվյալները:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ընթացակարգերը, որոնք նախատեսված են օրենքի նախագծի քննարկման համար, չեն պահպանվել: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել` միասնական ընթացակարգային քննարկումներն անցնելու համար:
Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է նախագիծն ավելի խորքային ուսումնասիրել, շտկել թերությունները եւ վերստին բերել քննարկման դաշտ:
Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանն ընդգծել է, որ օրինագծի ընդունումն անհրաժեշտություն է: Ուստի, ընդունելով հանձնաժողովի նախագահի առաջարկն ու պատգամավորների դիտողությունները, համաձայնել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով: