Խորհրդարանը սկսել է հինգերորդ նստաշրջանի աշխատանքները

Ինչպես ԱԺ կանոնակարգ օրենքն է կարգավորում ապա Խորհրդարանի յուրաքանչյուր գարնանային նստաշրջանի մեկնարկը տրվում է հունվարի երկրորոդ կամ երրրորդ շաբաթը (կախված օրացույցային աշխատանքային օրերից):Այսօր ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հունվարի 16-ին ազդարարվել է ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարված հերթական նիստերի օրակարգերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյո՞ք նախատեսվում է քննարկում երկու խորհրդարանների միջեւ: ԱԺ նախագահը հայտնել է, որ հանդիպում նախատեսվում էր անցած տարվա սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է, եւ այս պահին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի գործընկերների հետ որեւէ քննարկում չկա: Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է գործընկերների հետ հանդիպման հնարավորություններով, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահն ասել է. «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում` մեկնելու Ձեր առաջարկն ինչպե՞ս կարելի է իրագործել: Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ «Ավիացիայի մասին» օրենքում օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որեւէ իրավունքի տրամադրումը մերժելու լիազորությունը: Ըստ փոխնախարարի` օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հիմքերի առկայության դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը:Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Կարինե Սարգսյան

Spread the love