ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:
Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին:
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին:
Նամակներում Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ:
Նա կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը եւ կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: