Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է հայաթափել Արցախի ժողովրդին՝ զրկելու իր իսկ պատմական տարածքում ապրելու, կայուն զարգացումն ապահովելու իրավունքը, ինչպես նաեւ՝ համապատասխան ազդեցություն ունենալ ՀՀ ղեկավարության վրա: Ըստ Սեյրան Օհանյանի՝ ճանապարհի բացման եւ հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հարցում պետք է ջանքեր գործադրեն միջազգային հանրությունը, նաեւ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները՝ ազդելու Ադրբեջանի իշխանությունների վրա:
«Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը»,- ընդգծել է պատգամավորը:
Սեյրան Օհանյանի խոսքով Ադրբեջանի ղեկավարության, թուրքադրբեջանական տանդեմի գործողությունները նշանակում են, որ խաղաղության օրակարգը կեղծ է, իսկ ՀՀ իշխանությունները մտնում են այդ կեղծ օրակարգի մեջ՝ վախենալով ասել, որ Արցախը տարիներ առաջ ինքնորոշվել է եւ այս պայմաններում Արցախն Ադրբեջանի կազմում ապրելու որեւիցե հնարավորություն չունի եւ չպետք է ապրի այդ երկրի կազմում:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում այսօր տեղի ունեցած արտակարգ ու ցավալի դեպքին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ նաեւ բարձրաստիճան անձինք պետք է պատասխան տան: «Եթե մենք ունենում ենք զոհեր եւ կորուստներ մարտական գործողությունների, հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա որեւիցե կերպ ընկալելի է, իսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների ժամանակ այդպիսի կորուստներ ունենալը մեր ժողովրդի համար անընդունելի է»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Ամփոփելով նախորդ տարին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ 2022 թվականը եղել է բարդ տարի: Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում շարունակվել են ճնշումները եւ ռազմական գործողությունները, սադրանքները ոչ միայն Արցախի, այլ նաեւ ՀՀ սահմաններին:
Խմբակցության ղեկավարի խոսքով սեպտեմբերի 13-14-ի գործողություններն այն վառ վկայությունն են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նպատակ չունեն խաղաղ համակեցությամբ ապրելու Հայաստանի հետ եւ շարունակել են իրենց հանցագործ գործունեությունը՝ նվաճելով ՀՀ սահմանի մի քանի դիրքեր, բնակավայրեր եւ նաեւ պատճառելով ՀՀ զինված ուժերում կորուստներ: