Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները:

Լրագրողի հարցին, թե պաշտոնանկություններից բացի հնարավո՞ր է արդյոք Պաշտպանության նախարարի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվությանը կարելի է անդրադառնալ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց հետո:

Խաղաղության պայմանագրի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նշել է. «Չէի շտապի եզրահանգումներ անել, որ խաղաղության պայմանագրի գործընթացը փակուղում է: Դա երեկ վերահաստատեց նաեւ ԱԳ նախարարը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին եւ սպասում է արձագանքի: Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները խոչընդոտում են գործընթացին, խոսքը թե’ Լաչինի միջանցքի փակման, թե’ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, թե’ զորքը շարունակաբար հետ չքաշելու մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցվող քաղաքական հայտարարությունները եւս խոչընդոտում են»:

Սարգիս Խանդանյանի խոսքով երեկ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը եւս պատրաստակամություն է հայտնել` որպես միջնորդ նպաստելու խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը: Պատգամավորը հաստատել է. «Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում եւ շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»:

ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն խառնվում ԼՂ իշխանությունների գործերին եւ ներքաղաքական կյանքին: Կարծում եմ` սա նորմալ է եւ այդպես էլ պետք է լինի: Մենք ի սկզբանե առաջնորդվել ենք այս տրամաբանությամբ: Հետեւաբար, Ձեր հարցը չի համապատասխանում իրականությանը. նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով` ՀՀ իշխանությունները ճնշում գործադրո՞ւմ են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասով հարցադրմանը:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի ջանքերի գնահատմանը վերաբերող հարցին ի պատասխան` խմբակցության քարտուղարը հույս է հայտնել, որ բոլորը կկատարեն իրենց պարտավորությունները: «Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան լուծել այս հարցը եւ ստիպել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապաշրջափակել ԼՂ-ն եւ բացել Լաչինի միջանցքը»,- ասել է նա:

Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում որպես երաշխավոր ո՞ր կողմն է ավելի ցանկալի հարցին ի պատասխան` Սարգիս Խանդանյանն ընդգծել է. «Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ մտածել` որեւէ երկիր որեւէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որեւէ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը: Երաշխիք կարող է լինել, օրինակ, զորքերի հետքաշումը եւ ապառազմականացումը սահմանի երկայնքով եւ այլն: Կարեւոր է, որ միջնորդը նպաստի, որ այս համաձայնությունները ձեռք բերվեն, եւ մեր ակնկալիքն է նաեւ միջնորդներից, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը եւ ձեւակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»: Նշվել է, որ գործընթացը կատարվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված գործընթացի տրամաբանությամբ, եւ հայկական կողմի համար կարեւոր է երաշխիքների հատվածը: 

Spread the love