Հունվարի 18-ին Ներքին գործերի նախարարությունը Եղեգնաձորում կազմակերպել էր պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։
Ճանապարհային երթևեկության կարգավորման, առանց տեխնիկական զննության և ապահովագրության ավտոմեքենաների հայտնաբերման, անհատական սպառազինության և մեքենաների հագեցվածության մասին հարցերով պարեկներին էին մոտենում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Նրանց մանրամասն ներկայացվում էին ծառայության ընթացքում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողի իրավունքներն ու պարտականությունները։
Պարեկային ծառայության ընդունելության մրցույթի ստուգումների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին ներկայացրին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները։
Հիշեցնենք, որ մինչև հունվարի 27-ը դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել ոստիկանության կրթահամալիր։