Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին (ֆոտո)

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին:

«1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացումը անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, ինչը նպաստեց հակահայ բռնությունների հետագա ծավալմանը և շարունակականությանը: Ադրբեջանում հակահայկական բռնության հաջորդ թիրախը 1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձավ Կիրովաբադ քաղաքը և դրան հարակից բնակավայրերը

1990 թ. հունվարի 11-ից Բաքվում Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպվեցին ցույցեր, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք շարժվեցին հայ բնակչության նախապես կազմված հասցեներով: Ջարդերի ամբողջ ընթացքում քաղաքի իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն (ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն):

Հայ բնակչության կոտորածը քաղաքում շարունակվեց շուրջ մեկ շաբաթ` մինչև հունվարի 19-ը: Տեղի ունեցան հայ բնակչության սպանություններ, պատճառվել են ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ:

Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվի ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ:

:

Spread the love