Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվությունը մտահոգիչ է: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:
Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատել է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով, որ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: