Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին ԱԽ անդամներից բացի մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Փաշինյանը ներկայացրել է, որ ժամը 13:00-ի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:

Նա տեղի ունեցածը գնահատել է ուղիղ ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։

Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը»,- նշել է վարչապետը։

Spread the love