Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։

Միաժամանակ նա երկրաշարժերը, մասշտաբների ու ավերածությունների հետ կապված, բացառիկ բնական երեւույթ է անվանել։

«Ողորմածություն եմ մաղթում իմ 35 418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Ապաքինում եմ մաղթում 105 505 վիրավորներին, որոնք փրկվել են»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Պազարջիկ շրջանում։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

 

Spread the love