Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին. Նա կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։

«Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը:

Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում եմ, վերանայիր դիրքորոշումդ»,- գրել է նա:

Ռեյզմանը նաեւ տեղադրել է Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները՝ նշելով. «Ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ սեպտեմբերին ու դատապարտվել Եվրախորհրադարանի կողմից։ Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը քառակողմ կապի մեջ է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրների:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղում (ընդամենը 1 տեղ առաջ Ռուսաստանից, շնորհավորում եմ Ադրբեջանին)։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Ադրբեջանին դասակարգում է 128-րդ տեղը 180 երկրների մեջ՝ իրենց ներկայիս կոռուպցիայի ընկալման ինդեքսով, կրկին Ռուսաստանից ընդամենը մեկ տեղով բարձր»,- գրել է Ռեյզմանը։

Նախատեսված է, որ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը տեղի կունենա Բաքվում այս տարվա հոկտեմբերին:

Spread the love