ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական  ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Այսօր Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:
 Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան–Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն, ընդունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց պատվիրակության՝ Դիլիջան այցն առանձնահատուկ օրակարգում ընդգրկելու համար, և գնահատեց հայ–լյուքսեմբուրգյան հարաբերությունների պատմությունը՝ Դիլիջանի օրինակով: Նա կարևորեց Լյուքսեմբուրգի հասցեական հայտարարությունները Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ, և շնորհակալություն հայտնեց Հայաստանին մշտապես աջակցելու համար:
 Ջունա Բերնարդն ընգծեց, որ Հայաստանի հետ Լյուքսեմբուրգը շատ արդյունավետ աշխատանքային փորձ ունի, և Դիլիջանի մասին վերջին շրջանում հաճախ է լսել: Այդ է պատճառը, որ պատվիրակությունը որոշել է անպայման լինել Դիլիջանում և քաղաքային իշխանության հետ համագործակցություն սկսել:
   Պատվիրակությունը եղել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցում, որը 2006 թվականին հիմնանորոգվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Պետանժի քաղաքային իշխանությունների կողմից, ապա «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ–ում, ինչպես նաև «Դիլիջանի երկրագիտական թանգարան–պատկերասրահում»:
 Այցի վերջում հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, և նշել, որ Դիլիջանն իրապես շատ են հավանել» :
Spread the love