ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը սահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ագրեսիային: Այդ հատվածում նշվում է. «2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ եւ հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան:
Խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»: