Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ. կա հետագա էսկալյացիայի վտանգ. Շոլցը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին

Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Շոլցը նշել է,  որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնել՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։Շոլցը կարեւորել է Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը, երկու պետությունների բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքների պահպանումը՝ միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։  «Ուստի Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։ Դրա մի մասն է կազմում եվրոպական խաղաղապահ առաքելությունը: Ես ողջունում եմ, որ նախագահ Ալիևը հանդիպում է ունեցել իր հայ գործընկերների հետ։ Կա միասնական կամք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել»,- ասել է նա:

Spread the love