Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկվի նաեւ այդ հարցը։
«Երեկ դրա մասին նույնպես խոսել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ռուս եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ նախապես համաձայնեցված հանդիպմանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Մեկնաբանելով չկայացած հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Երեւանի որոշումը սուր ճգնաժամային իրավիճակի հետ էր կապված, հանդիպումը բոյկոտելու նպատակ չի եղել։
«Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում։ Մենք ասել ենք, որ այդ հանդիպումը չի չեղարկվել»,- նշել է Փաշինյանը։
Պատասխանելով «ԻտառՏաս» գործակալության մեկ այլ հարցի՝ արդյոք Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա է ճգնաժամ, վարչապետը ասել է․ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ են, ես ճգնաժամ չեմ տեսնում, որովհետև մենք խոսում ու քննարկում ենք և ֆիքսում ենք, որ կան խնդիրներ։ Խնդիրների մի մասը օբյեկտիվ են»։