«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Նա նշել է, որ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը:
«Այնտեղ ներկայացված փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Այս պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: «Ժողովրդավարական եւ իրավական պետություններում անթույլատրելի է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության իրականացումը, առավել եւս, երբ այն վերաբերվում է ՍԴ դատավորին»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Դիմումում նշվում է, որ Սեդա Սաֆարյանը «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» անվանումով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 1994 թվականի օգոստոսի 11-ին:
Պետական ռեգիստրում առկա տեղեկության համաձայն 2023 թվականի հունվարի 27-ին տվյալ ԱՁ-ն հանվել է հաշվառումից, ընդ որում` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որեւէ այլ գրառում առկա չէ: Այսինքն` պետռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկության համաձայն Սեդա Սաֆարյանն առանց ընդհատումների որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 11-ից 2023 թվականի հունվարի 27-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր դիտարկումով համաձայնվել է Արծվիկ Մինասյանի հետ, որ Սեդա Սաֆարյանն իսկապես ունի բարձր մասնագիտական որակավորում ու հիմնավորել է. «Այլապես նրան չէր հաջողվի ՄԻԵԴ-ում ապացուցել, որ 2004 թվականին Վարդենիսում մի ընտանիքի վրա ուղղակի գործ է «կարվել», խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը եւ 2004 թվականից մի ամբողջ ընտանիք նստած է եղել բանտում` 13 եւ 9 տարի ազատազրկմամբ: Ուրիշ բան է, որ այդ ժամանակ երկրի քաղաքական իշխանությունը խրախուսող էր նման դատական վճիռների նկատմամբ»:
«Նախորդ անգամ ՍԴ դիմել էիք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված. որեւէ կապ կա՞ այս երկու դիմումների միջեւ եւ քանի՞ պատգամավոր է Ձեր խմբակցությունից անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» գործերով: Սեդա Սաֆարյանն ինչ-որ մեկից գումա՞ր է վերցրել, ծառայություն մատուցել, թե՞ ոչ»,- հետաքրքրվել է Վահագն Ալեքսանյանը:
Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ իրենց դիմումը ՍԴ ոչ թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի չեղարկմանն է վերաբերել, այլ վիճարկել են կոնկրետ ձեւակերպումներ, որոնք իրավական անորոշություն են ստեղծել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացվել են` Սեդա Սաֆարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, այդպես չէ:
Ի պատասխան Արփինե Դավոյանի` Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներկայացված դիմումը փաստի վրա հիմնված դիմում է:
«Ունենք հստակ փաստեր, որոնց համադրման արդյունքում կարիք կա, որ ՍԴ -ն անդրադառնա այս հարցերին, տա պատասխան, անի մեկնաբանություն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե Սեդա Սաֆարյանի փաստաբանական լիցենզիայի կասեցումը եւ անհատ ձեռանարկատիրոջ կարգավիճակի դադարեցումն ինքնուրույն է իրականացրել, թե որեւիցե այլ պետական մարմին, այլ հասարակական կազմակերպություն հայտնաբերել է խախտումը, որից հետո Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է գործողություններ:
«Չեք կարծո՞ւմ, որ ՍԴ-ի համար արհեստական թրաֆիկ եք ստեղծում, որ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված քննարկումը հետաձգվի: Վերջին ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ի վրա հարձակում էր սկսել, ես եմ դա այդպես անվանում, շաբաթը մեկ մի հատ դիմում էր ուղարկում, որ ծավալի մեջ ՍԴ-ն պարզապես չկարողանա գործի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Ի պատասխան` Արծվիկ Մինասյանն ասել է, որ իրենք չեն որոշողը Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս Սեդա Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան էլ հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե այս փաստերի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու, եզրակացություն տալու համար արդյո՞ք շահերի բախման վերաբերյալ դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ չեն դիմել եւ հավելել է, որ իրենց ներկայացրած դիմումի մեջ շահերի բախման վերաբերյալ վերլուծություն չկա:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակայանն իր ելույթում նշել է, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծում նշվում է երեք ժամկետ. մեկամսյա ժամկետի սկիզբ «Հայաստան» խմբակցությունը համարում է 2022 թվականի սեպտեմբեի 15-ը` Սեդա Սաֆարյանի` որպես ՍԴ դատավոր ընտրվելու օրը, եւ եզրակացնում է, որ մեկամսյա ժամկետն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերի 16-ին: Ըստ «Հայաստան» խմբակցության` Սեդա Սաֆարյանն ընտրվելուց հետո շարունակել է հանդես գալ որպես փաստաբան:
Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ սեպտեմբերի 15-ը ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ առաջնորդվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի` ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները: Անդրադառնալով մյուս ներկայացված ժամկետի խախտմանը` նա հղում է արել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին եւ նշել, որ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո անհապաղ, «Հայաստան» դաշինքը եզրակացնում է, որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին եւ ըստ դրա` համարում է, որ նա իր ձեռնարկատիրական գործունեությունը պետք է դադարեցներ 2023 թվականի հունվարի 11-ին:
Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում երդվելուց հետո: Սեդա Սաֆրայանի` ԱԺ-ում երդմամբ իր լիազորությունները ստանձնելու օրը դեկտեմբերի 16-ն է:
Արուսյակ Ջուլհակյանն արձանագրել է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Սեդա Սաֆարյանը, հաշվի առնելով «Փաստաբանության մասին» օրենքը, դիմել է ՀՀ փաստաբանների պալատ խնդրանքով` կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:
Հարակից զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել է հայտարարություն իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:
«Կարծում եմ, որ չենք կարող խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման մասին, եթե կա խախտում, ապա դա տեխնիկական է»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:
Հանձնաժողովը դիմումի նախագծին տվել է բացասական եզրակացություն:
Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ի նիստում: