Քննարկվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու հարցը. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին եւ Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մարտի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով ներկա կարգավորումներով միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Եվրոպական դատարան ներկայացնում է միջակյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով նաեւ Եվրոպական դատարանի կանոնների վրա, որովհետեւ այդ կանոնները, համաձայն օրենքի, հիմք են Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչության համար լիազորության շրջանակը մեկնաբանելիս:

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ երկրորդ կարգավորումը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի նմանատիպ լիազորությանը: Միջոցը կոչվում է այլ ժամանակավոր կամ ժամանակային միջոց: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի եւ Դատարանի կանոնադրության պաշտոնական թարգմանության մեջ կիրառված է «ժամանակային միջոց» եզրույթը, այդ մասին նաեւ ԱԺ փորձագիտական եզրակացությունում է ներառված: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ օրենքում առկա է կարգավորում, որով նմանատիպ պահանջը ներկայացվում է Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է կանոնակարգումը հետեւյալ տրամաբանությամբ հանել, ինչպես եւ արվում է Եվրոպական դատարանում՝ հիմնական հայցը՝ որպես միջպետական պահանջ, ներկայացնել Կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը ներկայացնելու լիազորությունը տրվի ներկայացուցչին: Նրա խոսքով փորձը ցույց է տվել, որ նմանատիպ պահանջները բխում են հրատապ իրավիճակներից:

ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով մյուս փոփոխությունը վերաբերվում է արբիտրաժային վարույթի շրջանակում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերին, որտեղ ՀՀ-ն ներգրավված է կա՛մ որպես հայցվոր, կա՛մ որպես պատասխանող, այդ ժամանակ հնարավոր է լինեն դեպքեր, որ ՀՀ-ն բանակցի՝ վեճը լուծել հաշտության համաձայնության ճանապարհով: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ հաշտության համաձայնության հաստատող համաձայնագիրը ներկայացվի Կառավարության հաստատմանը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն, Եվրոպական դատարան նաեւ Արբիտրաժային կենտրոններ իրավաբան կամ մասնագետ գործուղելուն:

Նա տեղեկացրել է, որ մինչ այս պահն իրականացվել է Կառավարության որոշմամբ, սակայն առաջարկվում է, որ ՀՀ վարչապետին նմանատիպ լիազորություն վերապահել՝ վարչապետի որոշմամբ նմանատիպ մարմիններ գործուղելու եւ այդ որոշման հիման վրա պայմանագիր կնքելու կոնկրետ անձանց հետ, եթե անձը հանրային ծառայող չէ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Հաագայի դատարանի միջանկյալ ակտի կատարման ընթացքը:

«Այն պետք է պարտադիր կատարվի, բայց, ցավոք, Ադրբեջանն անտեսում է այդ որոշումը, բացի այդ պաշտոնական մակարդակով էլ փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաեւ ներկայացված է Ադրբեջանի ԱԳՆ նամակում, որն ուղղված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Գիտեմ, որ մեր նախարարի կողմից էլ դրան ի պատասխան նամակ է ներկայացվել»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ մեր կողմից աշխատանքներ են տարվում հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ մտցնելու ուղղությամբ:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ փոփոխությունները ե՛ւ բովանդակային են, ե՛ւ տեխնիկական:

«Տեխնիկական են այն առումով, որ, ըստ էության, ներկայացուցիչը, ըստ միջազգային իրավունքի, որեւիցե նոր լիազորություն չի ստանձնում, հաշվի առնելով, որ այդ բոլոր գործընթացները հնարավոր է իրականացնել համաձայն միջազգային փաստաթղթի հիման վրա առանց որեւիցե հավելման պետական օրենսդրական փոփոխությունների, բայց հաշվի առնելով սահմանադրական պահանջները՝ անհրաժեշտ է հստակեցում եւ իրավական որոշակիություն պահպանվի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Spread the love