Ո՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին դիտարկումներով:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերոնշյալ երեւույթը նոր չէ: «Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ տեսնում ենք ե՛ւ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, ե՛ւ սպառնալիքները»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ այս դրսեւորումները վերջին շրջանում ավելացել են: «Նշածս հռետորաբանությունը եւ ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում գործընթացին, այլեւ նոր խոչընդոտներ են ստեղծում տվյալ գործընթացի համար»,- ընդգծել է նախարարը:

Արձագանքելով պատգամավորի մյուս հարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու շուրջ:

Spread the love