ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է անկանխիկ գործառնություններ կատարելու հարցը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախատեսվում է կարգավորել անկանխիկ վճարումների մասով իրավահարաբերությունները: Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը եւ քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար: Նախատեսվում է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:  Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամը. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է  կատարվեն անկանխիկ եղանակով:
Նախագծի վերաբերյալ մի շարք գործատուներ որոշակի անհամաձայնություններ ունեն, ինչով էլ պայմանավորված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ շահագրգիռ անձանց կարծիքը օրինագծի վերաբերյալ լսելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի, Փաստաբանների պալատի եւ  գրավատների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի խոսքով՝ հանձնաժողովը նամակներ է ստացել Փաստաբանների պալատից եւ գրավատներից՝ օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ:
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր: Ըստ նրա՝ փաստաբանական գործունեությունը չպետք է դիտարկել զուտ ձեռնարկատիրության համատեքստում եւ կիրառել սահմանափակումներ, որոնք կհանգեցնեն որոշակի խնդիրների:
Գրավատների ներկայացուցիչներն էլ առաջարկել են հնարավորություն տալ, որպեսզի գրավատուին առաջարկված 20 հազար դրամի փոխարեն հնարավոր լինի տրամադրել մինչեւ 300 հազար դրամի չափով կանխիկ գումար:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ ամբողջ աշխարհում անցում է կատարվում գործարքների անկանխիկ եղանակին, ինչը չի կարող շրջանցել նաեւ մեր երկիրը: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը բնականոն ընթացքով մատուցվող ծառայությունները սահմանափակելու նպատակ չի հետապնդում:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է՝ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը վերստին կլսեն շահագրգիռ անձանց եւ գործադիրի հետ կգտնեն բոլոր կողմերին գոհացնող լուծումներ:
Spread the love