Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն ՀՀ-ն 2022 թվականին բարելավել է իր դիրքերը եւ 180 պետությունների շարքում զբաղեցնում է 51-րդ տեղը: Այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 4-ի նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«2022 թվականին հանձնաժողովի կարգավորման ներքո գործող մեդիաները գործել են ազատ, անկախ, առանց պետության կողմից միջամտության»,- ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հանձնաժողովը գրավոր դիմել է բոլոր հեռարձակողներին՝ տեղեկանալու, թե արդյոք եղել են ճնշումներ իշխանության տարբեր ճյուղերի կամ պետական ինստիտուտների կողմից: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ գրեթե ոչ մի հեռարձակող բողոք չի ներկայացրել՝ բացառությամբ երեք հեռարձակողի: Նա ներկայացրել է, մասնավորապես, միայն մեկ՝ «Շարկ» ՍՊԸ-ի՝ «5-րդ ալիքի» բողոքը:
«5-րդ ալիքը» հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել «խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վրա, որոնք լրագրողների հարցադրումներին արձագանքում են զայրույթով, օգտագործում են զրպարտության տարրեր պարունակող վիրավորական հռետորաբանություն»:
«Հանձնաժողովի համար եւս նկատելի են ԱԺ որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ: Բայց այդուհանդերձ, այդպիսի դրսեւորումները բնականոն եւ համատարած բնույթ չեն կրում, եւ կարծում ենք, որ սա շտկելի խնդիր է»,- ասել է Տիգրան Հակոբյանը՝ ընդգծելով, որ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները պետք է ցուցաբերեն առավելագույն հարգանք եւ զսպվածություն լրագրողների նկատմամբ, բացառեն կանխակալ եւ կողմնակալ վերաբերմունքը լրագրողների մասնագիտական կարողությունների եւ հմտությունների առնչությամբ:
Անդրադառնալով հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը՝ Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ հանձնաժողովը գործում է անկախ:
Նա խոսել է մեդիաոլորտի զարգացման համար խոչընդոտներ առաջացնող օրենսդրական բացերի մասին՝ մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մի մասը վերաբերում է հանձնաժողովին վերապահված գործառույթներին, իսկ մյուս մասը՝ մեդիաոլորտին:
Հաշվետու տարում հանձնաժողովը գումարել է 55 նիստ, ընդունել 149 որոշում:
Հանձնաժողովի ջանքերի եւ վերահսկողական գործառույթների արդյունքում աճել է հայերեն լեզվով հաղորդումների քանակը: Այսօր հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններում 80 տոկոսից ավելի հաղորդումները հեռարձակվում են հայերեն լեզվով. չորս տարի առաջ այն կազմել է 55-56 տոկոս, աճել է նաեւ սեփական հաղորդումների քանակը: Ընդգծելով տեղական հեռարձակումների կարեւորությունը՝ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ բոլոր մարզերն ունեն սեփական հեռուստահեռարձակում, գրեթե բոլոր մարզերում ապահովված է տեղական ռադիոհեռարձակում: Տեխնիկական վերազինման արդյունքում հանձնաժողովը հնարավորություն ունի իրականացնելու արդյունավետ մշտադիտարկում:
Պատգամավորների հարցերը վերաբերել են մեդիագրագիտությանը, տեղեկատվական հոսքերի անվերահսկելիության դեմ պայքարին, ստվերային ֆինանսավորումը կանխարգելելուն ուղղված գործիքակազմ մշակելուն, հեռուստաընկերությունների լիցենզավորմանը, էթիկայի կանոնագրքի բովանդակությանը: