«Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի առանձնահատկության, հաջողության գրավականի, բկ-ի ղեկավարի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում օր-օրի աճող բկ-ի վարկանիշի, գարնանը սիրտ-անոթային խնդիրների սրացման, դրանց պատճառների, հետեւանքների եւ բուժման ընթացքի մասին եւ սրտային խնդիրներից խուսափելու լավագույն միջոցների մասին «Զրույցը» զրուցել է «Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի տնօրեն, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
-Պարոն Ադամյան ի՞նչպիսին էր նախորդ տարին ձռքբերումների և բացթողումների առումով «Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի համար:
-Ձեռքբերումներն ու բացթողումները ցանկացած գործունեության անբաժանելի մասն են կազմում։ Սակայն վստահաբար կարող եմ նշել, որ կենտրոնի գործունեության արդյունքում ձեռքբերումները շատ ավելի շատ են քան բացթողումները։ Իհարկե մենք ինքներս էլ գիտակցում ենք բացթողումների մասը, սակայն դրանք հիմնականում պայմանավորված են մի շարք այլ հանգամանքներով, որոնք փաստացի դուրս են մեր կառավարումից։ Ձեռքբերումների տեսակետից կարող ենք փաստել, որ կենտրոնը բնականոն զարգացում է ապրում։ Դա արտացոլված է կենտրոնի ոչ միայն ֆինանսական հաշվետվություններում, այլ կենտրոն դիմած բուժառուների անընդհատ աճող թվաքանակով, իրականացվող միջամտությունների քանակով։ Այս կոնտեքստում է հենց արտացոլվում հիմնական բացթողումը։ Մի կողմից ավելացող բուժառուների քանակ, մյուս կողմից կենտրոնի թողունակություն։ Արդյունքում սպասման մեծ հերթեր, որոնք իհարկե փորձում ենք մարդկային գործոնի ազդեցությամբ հնարավորինս մեղմել։
-Ստանձնելով բկ տնօրենի պաշտոնը Դուք նախորդ տարի զգալի փոփոխություններ խոստացաք իրականացնել կենտրոնի մասնագիտական անձնակազմի և թե նոր բաժանմունքների համալրման առումով ի՞նչ փուլում են աշխատանքները:
-Այդ աշխատանքները կրում են անընդհատ բնույթ։ Ցանկացած հաջողության հիմքում իհարկե բնականոն զարգացումն է։ Այս առումով իհարկե կենտրոնում իրականացվել են փոփոխություններ, աշխատանքի վերակազմակերպում։ Իրականացված վերադասավորումների արդյունքում կարող ենք փաստել, որ կլինիկայի մի շարք ծառայություններ այսօր հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում նման ծառայություններ մատուցող ծառայություններից ամենածանրաբեռնվածը։ Մյուս կարևոր հանգամանքը, որ կցանկանայի նշել այն է, որ կլինիկան իրականացնում է նաև մի շարք կարևոր ծրագրեր և նոր նախագծեր:
-Պարոն Ադամյան անդրադառնանք նաև մասնագիտական հարցերին և թույլ տվեք Ձեզ հարցնել թե ՝ Սիրտ -անոթային հիվանդություններ ունեցողներին ի՞նչ կհորդորեք , որպեսզի խուսափեն հետագա ծանր հետևանքներով ելքերից:
– Իհարկե կարող են կանխարգելել և դրա հետևանքով խուսափել անցանկալի բարդություններից։ Բայց կցանկանայի նշել այն հանգամանքը, որ շատ հաճախ բուժառուները մեզ են դիմում արդեն բավականին ծանր վիճակում, քանի որ անտեսել են սրտային հիվանդությունների նախանշանները։
-Գաղտնիք չէ , որ ժողովրդի մոտ ընդունված մի կարծիք կա ՝ գարնանային եղանակային պայմաննները ազդում են սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա:
-Ա՛յո: Իրականում եղանակային պայմանները ուղղակիորեն կարող են ազդել սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա։ Խոսքս մասնավորապես ճնշման տատանումներ ունեցողներն են, որոնց թիվը ցավոք սրտի մեր հանրապետությունում բավականին մեծ է։
-Ի՞նչ կհորդորեք այս գարնանային եղանակային պայմաններում մեր հիվանդներին:
-Հիմնական խորհուրդս է վարել առողջ ապրելակերպ և ժամանակ առ ժամանակ չմոռանալ գոնե պրոֆիլակտիկ հետազոտվել, իսկ սրտային հիվանդության նախանշանների դեպքում անմիջապես դիմել համապատասխան մասնագետի։
-Սրտային հիվանդությունները կարո՞ղ են սրտային հանկարծամահության պատճառ հանդիսանալ:
-Իհարկե սրտային հիվանդությունները կարող են սրտային հանկարծամահության պատճառ դառնալ, որի հիմքում հիմնականում ընկած են կյանքի հետ անհամատեղելի առիթմիաների առաջացումը, ինչպիսիք են օրինակ փորոքային առիթմիաները, նախասիրտ փորոքային պաշարումները և այլ տեսակներ, որոնք խաթարում են սրտի նորմալ աշխատանքը՝ առաջացնելով ոչ էֆեկտիվ կծկումներ, սրտի արտամղման խիստ նվազում և ի վերջո սրտի կանգ: Նմանատիպ առիթմիաներ կարող են զարգանալ սրտի պսակաձև զարկերակների հիվանդության, նրանց խցանման, սրտամկանի սուր ինֆարկտի, ինչպես նաև հիպերտրոֆիկ և դիլատացիոն կարդիոմիոպաթիաների, արտահայտված փականային հիվանդությունների, երկար QT ինտերվալի, որոշ թմրանյութերի օգտագործման և այլ պաթոլոգիաների ժամանակ: Այս խնդիրների ժամանակին ախտորոշումն ու համապատասխան բուժումը կարող են կանխարգելել սրտային հանկարծամահության շատ դեպքեր:
-Կնշե՞ք սրտային հիվանդությունների ամենաէական ռիսկի գործոնները:
-Ընդունված է սրտային հիվանդությունների՝ հատկապես ամենատարածված հիվանդության՝ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնները բաժանել երկու մեծ խմբի՝ մոդիֆիկացվող և չմոդիֆիկացվող: Չմոդիֆիկացվողների շարքում են տարիքը, սեռը, ծանրաբեռնված ժառանգականությունը, որոնց վրա մենք չենք կարող ազդել: Մոդիֆիկացվող ռիսկի գործոններն են ծխախոտամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, հիպերխոլեստերոլեմիան, նստակյաց կյանքը, անառողջ սննդի ընտրությունը, ավելորդ քաշը, որոնք նաև մեկը մյուսի հետ կապ ունեցող ֆակտորներ են: Այս գործոնների վրա մենք՝ բժիշկներս կարող ենք ազդել, սակայն խրախուսվում է հիվանդների ակտիվ մասնակցությունը, քանի որ աշխատանքի հիմնական բաժինը նրանց ձեռքում է՝ ճիշտ խորհուրդներ ստանալու և դրանք պատշաճ կերպով իրականացնելու պարագայում կարող ենք ունենալ բազմաթիվ նոր դեպքերի և սիրտ-անոթային պատահարների քանակի նվազում: Գոյություն ունեն նաև այլ ռիսկի ֆակորներ, որոնց մասին շատ քիչ է խոսվում, սակայն նրանք ունեն բավականին մեծ ազդեցություն: Այդ գործոնները կոչվում են առողջության սոցիալական որոշիչներ՝ ինչպիսիք են արտաքին միջավայրի ազդեցությունը, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, կրթական մակարդակը, սոցիալ աջակցությունը, սթրեսի աստիճանը, բուժ-օգնության հասանելիությունը և այլ գործոններ, որոնք ևս կարող են բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
-Հիվանդները հաճախ են հարցնում թե առհասարակ մեր (հանրապետության)եղանակային պայմաններն ինչպե՞ս են ազդում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա:
-Ծայրահեղ ջերմաստիճանները՝ ցուրտ և շոգ եղանակային պայմանները մարմնի ջերմաստիճանը կայուն պահելու համար կարող են մեծացնել ծանրաբեռնվածությունը սրտամկանի վրա՝ բերելով հաճախասրտության, զարկերակային ճնշման բարձրացման և հետևաբար բարձրացնեն սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը: Օդի խոնավությունը և աղտոտվածությունը ևս կարող են ունենալ բացասական ազդեցություն:
-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հիվանդներին:
-Հիվանդներին խորհուրդ կտամ խուսափել վերը նշված մոդիֆիկացվող ռիսկի գործոններից, հնարավորինս ընդունելիի սահմաններում պահել զարկերականյին ճնշման, խոլեստերինի և գլյուկոզայի ցուցանիշները: Ցանկալի է շաբաթական 150 րոպե կատարել միջին ինտենսիվության մարզանք կամ դրան համարժեք արագ քայլք՝ օրական 30 րոպե տևողությամբ, որը, ըստ Ամերիկյան Սրտի Ասոցիացիայի, ֆիզիկական ակտիվության ընդունված միջին ցուցանիշն է: Սակայն սկսնակները պետք է աստիճանաբար ավելացնեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և անպայման համաձայնեցնեն իրենց բուժող բժշկի հետ՝ համապատասխանեցնելու համար իրենց հիվանդությանը և խուսափելու անցանկալի բարդություններից: Կարևոր է սննդի ընտրությունը, որում ցանկալի է բանջարեղենի, հատապտուղների, առողջ ճարպերի` բուսական յուղ, ծովամթերք, ընդեղեն և սպիտակուցների պարունակությունը: Խորհուրդ կտամ նաև խուսափել սթրեսից, ծախսել էներգիան դրական արդյունքներ ստանալու համար, լինել բարի, սիրել միմյանց և կյանքը: