Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։
«Արմենպրես»-ը ներկայացնում է կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում գտնվող Սենատի՝ Արևելքի քրիտոնյաների հետ կապերի հարցով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են խմբի փոխնախագահ Կատրին Մորին-Դեսեյին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և խմբի փոխնախագահ Քրիստին Լավարդը, ապրիլի 23-ին այցելել է Տեղ համայնք, որտեղ, Հայաստանի տարածքում, ապրիլի 11-ին տեղի էր ունեցել մահացու փոխհրաձգություն։
«Մենք եկել ենք այստեղ պահանջելու անհապաղ վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ազատելով Լեռնային Ղարաբաղի անկլավում սարսափելի պայմաններում հայտնված 120.000 հայերին և վերականգնելով Հայաստանի հետ կապը։ Ի՞նչ իմաստ ունի ոգեկոչել 1915թ․-ի ցեղասպանությունը, եթե աչք ենք փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկական և կրոնական զտումների վրա»,- հայտարարեց Բրունո Ռըտայոն Տեղ համայնքում համայնքապետի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք մտավախություն ունենք, որ ադրբեջանական զորքերի կողմից անցակետի ստեղծումը Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, որը դրված է ռուսական խաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, կարող է լինել ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, ինչը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»,- հավելեց նա։
Մինչ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ընթացիկ շաբաթվա վերջին պետք է այցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, Սենատի անդամները կոչ են անում Ֆրանսիային խստորեն դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Նրանք Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։