Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար տեսած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:

Հուշարձանի վրա փորագրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նատալիի անունները:

Արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում:

Spread the love