Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին:
«2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,– հիշեցրեց վարչապետը։
Նրա կարծիքով` փախստականներին վերաբերող հարցերը պետք է վերլուծվեն և տարանջատվեն` որոնք են կառավարության սպասարկման տիրույթում, որոնք` հասարակական կազմակերպությունների։
Գաբիրելյանը հիշեցրեց, որ օրերս Երևանում «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով տեղի ունեցավ, որի ընթացքում հռչակագիր ընդունվեց։ Դրանում բարձրաձայնվում է հարյուր հազարավոր փախստականների իրավունքները։ Մասնավորապես նշվում է, որ փախստականները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց անվտանգությունը։
Գաբրիելյանն ընդգծեց` այս մասին ինքն էլ խոսում է որպես Բաքվում ծնված մարդ, որի ընտանիքը կյանքի իրավունքից զրկման սպառնալիքի տակ բռնագաղթել է։
Փաշինյանը նշեց` հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է և կարծում է, որ բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է։ Նա շեշտեց` թեպետ կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում լուրջ որոշումներ է կայացրել, բայց ինստիտուցիոնալ խնդիրներ այսօր էլ կան։
Վարչապետն առաջարկեց աշխատանքային հանդիպում կազմակերպել և ավելի մանրամասն քննարկել բարձրացված հարցերը։ Նրա խոսքով` հարցը ծավալուն է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։