Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հնարավոր հրաժարականը դատարանի վերջին որոշման հետ կապված կրկին քննարկման առարկա է դարձել մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին, գրում է Bianet-ը:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի քաղաքապետարանի խմբի խոսնակ, իրավաբան Մուրաթ Թյուրքյուլմազը սոցիալական ցանցերում վերջերս արված գրառման մեջ ակնարկել է հետընտրական շրջանի մասին:
Ներքին գործերի նախարարության կողմից Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացնելու շուրջ բանավեճը ժամանակավորապես հանդարտվել է՝ կապված առաջիկա ընտրությունների հետ: Իմամօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ կզբաղեցնեն փոխնախագահների պաշտոնները, եթե ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Երկու քաղաքապետերն էլ ակտիվորեն ներգրավվել են «Ազգի դաշինքի» նախընտրական քարոզարշավում՝ փորձելով ընտրողների ձայներ ստանալ Թուրքիայի տարբեր հատվածներում հանրահավաքներ անցկացնելու միջոցով:
Թյուրքյուլմազը Twitter-ում գրել է․ «Ստամբուլի քաղաքապետին եւ նրա վարչակազմին վերաբերող դոսյեն բավականին ընդարձակ է դարձել։ Հենց ընտրություններն ավարտվեն, մենք կոնկրետ կզբաղվենք դրանով։ Խնդրում ենք համբերատար լինել․․․»։
Դեկտեմբերի 14-ին Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամիս ազատազրկման՝ ընտրությունների անցկացման համար պատասխանատու երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու համար: Եթե դատավճիռն ուժի մեջ մնա, նա կկորցնի քաղաքապետի իր պաշտոնը։