Օրենսդրական նախաձեռնությամբ ՍՊԸ-ն իրավունք է ստանում եռամսյակը մեկ անգամ իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջեւ

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջեւ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ներկայումս գործող կարգավորման համաձայն շահույթի բաշխումը կարող է իրականացվել տարեկան մեկ անգամ, ինչը սահմանափակում է ձեւավորված շահույթն ընկերության մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն:

Նշվել է, որ օրինագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձեւավորված շահույթն իր մասնակիցների միջեւ առավել հաճախ բաշխելու հնարավորություն, որը համապատասխանում է միջազգային փորձին եւ ընդունված գործարար սովորույթներին:

Ըստ Ռաֆայել Գեւորգյանի՝ հարցը քննարկվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը եւ ««ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ վերջին հարցն ԱԺ նախորդ լիագումար նիստում հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի առաջարկով տեղափոխվել էր առաջին ընթերցման փուլ՝ լրամշակման նպատակով:

Spread the love