«Վերին Լարսի» անցակետի ընդլայնման իրականացումն արդեն առաջին փուլում թույլ կտա 15-20%-ով ավելացնել դրա թողունակությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը։
Նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղակի շահառուները կլինեն Վրաստանն ու Հայաստանը։
Վերին Լարսի սահմանային անցակետի ընդլայնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար դրամաշնորհ տրամադրելու մտադրության մասին հուշագիր են այսօր ստորագրել Եվրասիական զարգացման բանկը և «Կովկաս.ՌԴ» ԲԸ-ն` Սոչիում կայացած «Եվրասիական կոնգրեսի» շրջանակներում:
«Վերին Լարսը Հյուսիսային և Հարավային Կովկասի ենթատարածաշրջանային նախագիծ է, և մենք ակնկալում ենք, որ առնվազն առաջին փուլը կօգնի 15-20%-ով բարձրացնել թողունակությունը։ Եվ հետագա ընդլայնմամբ արմատապես լուծել այդ գլխացավանքը, որը բավական վաղուց խանգարում է թե՛ մարդկանց երթևեկությանը, թե՛ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի և թե՛ Հարավային Կովկասի երկրների միջև ապրանքահոսքին»,-նշել է Իլյինը։
Նրա խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում նաև նախագծի օպերատորի մի քանի թեկնածուների հետ, որոնք անմիջականորեն կկառավարեն և կտիրապետեն նոր ենթակառուցվածքներին: Սա համալիր ծրագիր է, քանի որ նախատեսվում է պետական, մասնավորապես՝ մաքսային մարմինների ներգրավում, որոնք պետք է տեղակայվեն այնտեղ:
«Տեսնում ենք, որ Վերին թողունակությունը չի բավարարում։ Այսինքն՝ դա արդեն ցավոտ հարց է, այն պետք է լուծել։ Նախագիծը պետք է իրականացնել հետագայում զարգացման որոշակի ներուժով»,-ընդգծել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահը։
Նախագծի համար միջոցներ են հատկացնում միայն ԵԱԶԲ-ն և «Կովկաս. ՌԴ»-ն, այսօր Հայաստանի և Վրաստանի ֆինանսական ներգրավվածության կարիքը չկա։ Միևնույն ժամանակ Իլյինը կարծում է, որ երբ ենթակառուցվածքը պատրաստ լինի, և հաճախորդները հնարավորություն ունենան տեղում օգտվել դրա առավելություններից, երկրները շահագրգռվածություն կունենան նախագծին մասնակցելու հարցում:
«Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետը և դրան հարող տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը եվրասիական տրանսպորտային շրջանակի մեջ մտնող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կարևոր բաղադրիչներ են:
Հայաստանի համար այս երթուղին այսօր միակ ցամաքային երթուղին է, որն ապահովում է առևտրատնտեսական կապերը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ։