ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ 24 ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ ընդդիմությունը միջազգային հանրության առաջ պահանջներ է դնում եւ իր բողոքի ձայնը բարձրացնում:
«Ես շաբաթվա վերջ լինելու եմ Բրյուսելում, փորձելու եմ նաեւ այդ հանդիպումների ընթացքում խնդիրները բարձրաձայնել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը, որի ընթացքում նա մեղավորության սլաքներն ուղղել էր գեներալներին եւ նախկին նախագահներին, Սաղաթելյանն ասաց. «Նա փորձում է ձեւացնել, որ ինքը դավաճան չէ, ինքն ինչ կարողացել՝ արել է, բայց իրեն բոլորը խաբել են, զինվորականները սխալ են զեկուցել, բանակի չի կռվել, զենքը չի կրակել. այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից: Այդ թատրոնը բեմադրում են Ազգային ժողովում՝ քննիչ հանձնաժողովի անվան տակ, դրան մաս կազմելն իմաստ չունի: Մեկ հանցագործ դերասանի բեմադրություն էր ԱԺ-ում. դա ահաբեկչություն էր սեփական ժողովրդի դեմ»:
Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։