ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել է 10 հարցում, որից 2-ը՝ պատգամավորական, 8-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 36 հարցում, որից 13-ը՝ պատգամավորական, 23-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 140 տեղեկանք: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է 254 տեսակի տեղեկանք:
Նշվել է, որ բյուջետային գրասենյակը պատրաստել է ոլորտային տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի (մարտ, ապրիլ, մայիս) պետական բյուջեներով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ: Պատրաստված 48 (առաջին կիսամյակում՝ 91) տեսակի տեղեկանքները տրամադրվել են ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովներին՝ ըստ իրենց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր խմբակցություններին եւ պատգամավորների:
Զեկուցողի հավաստմամբ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը պատրաստել է 2 (առաջին կիսամյակում՝ 8) տեսակի համեմատական-վերլուծական տեղեկանքներ ՀՀ 2023 թվականի (հունվար-մարտ) պետական բյուջեներով նախատեսված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ: Դրանք նույնպես տրամադրվել են Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին եւ պատգամավորների: