Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ

Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար: Սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում:

Ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով:

Առաջարկվող օրենսդրական փաթեթի ընդունումը նախեւառաջ միտված է նրան, որպեսզի յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով վերջինիս վարքագիծը:

Գեւորգ Պապոյանի դիտարկմամբ մասնավոր համակարգում արդեն իսկ խաղամոլության համար ազատում են աշխատանքից: Պետության համար կարեւոր է այնպիսի համակարգերում, ինչպիսիք են զինվորական, անվտանգության ծառայությունները, արգելել խաղամոլներին աշխատել:

«Հիմք պետք է ունենալ ապագայում, որ նման մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը կարողանանք խզել: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ խաղային եւ բանկային քարտային հաշիվները նույնականացնելու հնարավորություն ունենալ: Նախագծով առաջարկվող կարգավորումներով կլուծվի հենց այդ խնդիրը»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ նման սահմանափակող եւ կարգավորող նախաձեռնության հնարավորության ունենալու պարագայում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ:

Հիմնական զեկուցողի խոսքով օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության ներկայացրած իրավական տեխնիկային վերաբերող առաջարկություններն ընդունվել են:

Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, շեշտելով, որ Հայաստանում ոլորտը բավականին ահագնացող տեմպերով է աճում, նշել է, որ պետք է պատասխանատու միջավայր ստեղծելու քայլեր կատարվեն, իրականացվեն համապարփակ լուծումներ: Ըստ ՀՀ ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ Հայաստանում վերջին երկու տարիներին խաղադրույքների ծավալն աճել է կրկնակի անգամ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրացուցիչ ռիսկեր ի հայտ գալու դեպքում կքննարկվեն ոլորտը տեխնիկապես ապահովելուն, տվյալների բազան տրամադրելուն, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների գործունեությունը կարգավորելուն վերաբերող հարցեր եւս, որպեսզի լուծումը լինի համապարփակ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Spread the love