Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ կամ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ: Նման տարանջատման հիմքը նախկինում հանդիսացել է այն հանգամանքը, որ դիմողի կողմից իր անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում վերջինիս ինքնությունը պարզելու համար իրականացվում էր լրացուցիչ աշխատանք: ՀՀ ԱԳՆ համակագում Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի ներդրման արդյունքում անձի ինքնությունը հնարավոր է ստուգել տեղում՝ անմիջապես, եւ հազվադեպ է կարիք լինում հարցում կատարել անձի անձնագրային քարտը ստանալու համար: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի զեկուցման համատեքստում:
Փոխնախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ դեռեւս 2013 թվականին ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրամադրելու բավականին լայն ցանկ եւ գործնականում, ՀՀ վերադարձի վկայական ստանալու եւ վճարելու կարիք առաջանում է այն քաղաքացիների համար, որոնք ժամանակին օրենքով սահմանված կարգով չեն փոխանակել իրենց անձնագիրը եւ ցանկանում են շտապ վերադառնալ Հայաստան:
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը՝ փոխարենն ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ, սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը եւ վերացնել այլեւս օգտակար նպատակ չհետապնդող եւ որեւէ խնդիր չլուծող արտոնությունը:
«ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված՝ ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության ընդունումից մինչեւ 28.01.2017 թվականը գործած խմբագրությամբ սահմանված էր, որ ՀՀ քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ ՀՀ` 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից: Միեւնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված էր, որ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են պետական տուրքի վճարումից (ՀՀ տարածքում՝ 1000 ՀՀ դրամ): Վերլուծելով վերոնշյալ երկու նորմերը՝ ակնհայտ է դառնում, որ մի կողմից գործադիրը սահմանել էր անձնագիր ստանալու պարտադիր նորմ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, իսկ մյուս կողմից օրենսդիրը սահմանել էր այդ պարտավորությունը կատարելու համար ֆինանսական փոքր բեռից (1000 ՀՀ դրամ) ազատող նորմ: Ընդ որում, այդ նույն անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար, միեւնույն է, անհրաժեշտ է վճարել պետական տուրք՝ յուրաքանչյուր տարվա համար 1000 ՀՀ դրամ: Ներկայումս, ՀՀ անձնագիր ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն: Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլեւս իրավական, վարչական, սոցիալական կամ որեւէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Ըստ կարգավորումների՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաեւ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել եւ ստանալ փոստով:
Հարակից զեկույցով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:
«Պետության հանդեպ վերաբերմունք է դրսեւորվում քաղաքացիության ստացմամբ ու պահպանմամբ՝ անձնագիրը քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերից մեկն է, բայց ոչ միակը»,- ելույթների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ նկատել, որ փոփոխությունն էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսի բյուջեի ծախսերի վրա:
Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը: