ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հնարավորություն կտան եւ նախադրյալներ կստեղծեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների եւ կադրերի պատրաստման ու ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում՝ այն համալրելով առավել պատրաստված, ազնիվ եւ բանիմաց կադրերով:
Առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո:
Ներկայում Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը եւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: